
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025-06-18 23:14
Հայտնի հայ-ռուս գործարարի, բարերարի և հասարակական գործիչ Սամվել Կարապետյանի կալանավորումը՝ անհեթեթ մեղադրանքով, դժգոհություն և լուրջ մտահոգություն է առաջացրել ոչ միայն Ռուսաստանի հայերի միությունում, որի հետ Սամվել Կարապետյանը կապված է գրեթե քառորդ դար՝ միության ստեղծման պահից, այլև հայկական համայնքում և մեր բարեկամների շրջանում ամբողջ աշխարհում։
Իսրայել-Իրան հակամարտության հետևանքով առաջացած տարածաշրջանային մարտահրավերների ֆոնին Հայաստանի ներքաղաքական հակասությունների սրումը մենք չենք կարող ընկալել այլ կերպ, քան ժողովրդի և հասարակության ուշադրությունը աճող անվտանգության սպառնալիքներից շեղեթու փորձ։
Հայաստանի ներկա իշխանությունները փաստացի արդեն սկսել են պատրաստվել 2026 թվականի ընտրություններին և իրենց իշխանությունը վերարտադրելու համար՝ պատրաստ են անցնել բոլոր կարմիր գծերը։ Նրանց քայլերն ուղղված են ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակազրկմանը, որի հոգևոր ու բարոյական հեղինակությունը 1700 տարի անսասան է, այլ, ինչպես վերջին զարգացումներից պարզ դարձավ, նաև խոշոր սոցիալական պատասխանատվություն կրող հայկական բիզնեսի թիրախավորմանը։
Մենք վստահ ենք, որ Հայաստանի և հայ պետականության ճակատագրի պատասխանատվությունը կրում են ոչ միայն Հայաստանի ներսում ապրող մարդիկ և ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, որոնց զգալի մասը բնակվում է երկրի սահմաններից դուրս, այլ ամբողջ հայ ժողովուրդը։ Սփյուռքը կարող և պետք է ստանձնի այս պատասխանատվության իր բաժինը՝ բարձրացնելով իր ձայնը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և ազգային բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության համար։ Այս երկու խորհրդանիշների շուրջ այսօր համախմբված է մեր ազգային արժեքների, Հայ Առաքելական Եկեղեցու և հայկական բիզնեսի պաշտպանությունը։ Ոչ մի իշխանություն Հայաստանում չի կարող մերժել որևէ հայի այդ իրավունքը։
Մենք՝ Ռուսաստանի հայերի միության վարչության անդամներս, տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարներս և մի շարք սփյուռքյան հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներս, կոչ ենք անում բոլոր հայ գործիչներին, գործարարներին և մտավորականներին՝ Հայաստանում և Սփյուռքում, բաց և հրապարակայնորեն արտահայտել իրենց դիրքորոշումը Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ և աջակցություն հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն, ինչպես նաև գործարար, բարերար և հասարակական գործիչ Սամվել Կարապետյանին։
Մենք դիմում ենք Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին և կոչ անում՝ չխախտել Հայաստանի Սահմանադրության հիմնարար դրույթները, հարգել մարդու իրավունքները և ղեկավարվել այն համամարդկային արժեքներով, որոնք ծառայում են իսկապես ժողովրդավարական պետություն և ներդաշնակ հասարակություն կառուցելու բարձր նպատակին։
18․06․2025 թ.